Յասամանները

Տատին սկսեց զանգել հարևաններին։ «Կարինե՞։ Բա ասեք Հայկոն իջնի Լիլիթի համար ծաղիկներ քաղի։ Տանը չի՞։ Լավ։ Դե ինձնից առաջարկելն ա հասնում, հետո ինքը գիտի։» Ես էս ամեն ինչը բալկոնին պառկած գիրք կարդալուց էի լսում։

«Հասմիկ ջան, բա իջեք Հասիկոյի համար յասամաններ քաղեք։ Էս տարի ձեռքս ցավում ա, ես չեմ կարող։ Թե չէ լակոտները ամբողջ տարան։ Բա շենքի ժողովրդինն ա… Դու տեսե՞լ ես ոնց էին պոկում։ Չէ, ես չեմ մեղադրում որ բան չես ասել։ Բայց կարող ես չասես ոչինչ էլ, հերիք ա մի հատ պատուհանը ծեծես՝ կգնան։ Դե թող քաղեն, թող քաղեն։ Շենքի ժողովրդին էլ թող բան չմնա։»

Նեղվեցի։ Տատին էլ նեղվեց ու սկսեց ավելի դժգոհ լինել։

«Ինչ ա էղել տատի։ Ինչի՞ց ես խռովել։»

«Կյանքից։»

«Բա ես ի՞նչ անեմ։»

«Առավոտից ասում եմ, գնա մի հատ յասաման քաղի բեր։ Ամբողջ տարան խուժանները։»

Հագնվեցի գնամ յասաման քաղեմ։ Կուրտկա չէի հագել, սվիտրով էի, մի քիչ էլ ցուրտ էր։ Բակի այգու դարպասը բացեցի, մկրատը վերցրեցի, գնացի յասամանի ծառի մոտ։ Բարձրացա կանգնեցի հորիզոնական «ստոլբին», ոտս փաթաթեցի ուղղահայացին՝ որ չնկնեմ։ Սկսեցի քաղել։

Իրականում հեշտ գործ չի յասաման քաղելը։ Խաղողի վազը փաթաթվել էր մի քանիսի շուրջը ու ժամանակ առ ժամանակ որթերն էլ պետք ա կտրեի։ Չորս մեծ յասաման քաղեցի, տարա տուն։

Տատին նայում ա վրաս, դեռ խռոված ա դեմքը։

«Քաղեցի՞ր։ Բա ինչի ես տենց քիչ քաղել։ Մի լավ փունջ անեիր բերերիր, մեկ ա վաղը դրանցից էլ բան չի մնալու։ Լավ, ներս արի։»

Բանալին դրել էի սեղանին։ Հետ վերցրեցի։ Գնացի այգու դարպասի կողպեքը նորից բացեցի։ Էլի նույն սվիտրով ու էլի առանց կուրտկա։

Մոտեցա ծառին։ Արդեն շատ վերևներն էին յասամանները։ Նորից բարձրացա, ոտքս ավելի ամուր փաթաթեցի։ Ասեցի՝ էս անգամ կրկնակի եմ քաղելու՝ ութ հատ։ Սիրում եմ ուղեղումս տենց տարօրինակ մաթեմատիկայով որոշումներ կայացնեմ։ Ութ հատ քաղեցի։

Ներս էկա։ Տատին նայեց։

«Այ էս ուրիշ։ Բայց ավելի շատ տերև ա քան յասաման։»

Սիրում եմ տատիի քմահաճությունները։ Տատին կապրիզնի ա։ Սիրում եմ էդ։

«Տատի, հլը խռովա՞ծ ես։»

Բան չասեց մի պահ։

«Ինչի՞ց։»

«Դե աշխարհից, դու էիր ասում։»

Մտածեց մտածեց ասեց՝ հա։

Պառկած էի բալկոնում էլի։ Տատին յասամաններն էր առանձնացնում, որ դնի մեր խռուստալից ծաղկամանները։

Մտքովս անցավ։

«Տատի, կուզե՞ս գնամ հարևաններին բաժանեմ յասամանները։»

Մի պահ բերանի ծայրով ժպիտ անցավ։ Բաց չթողեցի։ Իսկույն լրջացավ։

«Դե եթե մտքովդ անցել ա, արա։ Բայց ո՞ւմ կտաս։ Էս մեր վերևի հարևանների՞ն։»

«Թեկուզ։»

«Բայց Կարինեն շատ կնեղանա։»

«Դե բոլորին էլ կտամ։ Բոլորի դուռը հերթող կծեծեմ։ Դու իմ համար յասամաններ առանձանցրու՝ գնամ։»

Ինչքան որ էքստրովերտ եմ, էնքան էլ՝ սոցիոպատ։ Մարդկանց հետ շփումը իմ համար հաճախ ա դիսկամֆորտ։ Վերցրեցի տատիի առանձնացրած ծաղիկները, գնացի չորրորդ հարկից իջնեմ, հերթով բաժանեմ։

Առաջին դուռը ծեծելն էր բարդ։ Մեջից ձայներ եմ լսում «էս մեկը ծեծո՞ւմ ա։» Մի պահ ռեակցիա չկա։ Նորից եմ ծեծում։ Բացում ա մի տատիկ։ Բա թե՝ ով ա, ինչ ա, ձեր հարևանն ա, Հատենիկի թոռը, վայ բա դու որ փոքր էիր Մարիամիկ ջան գալիս, էս պատագոննիկին մաման նստացնում էր…

Հետո երկրորդ դուռը։ Բացում ա մի կին։ Հետը խոսում ենք։ Անձրևի լաքայից տանիքի վրա, կոկայինից (ավելի շուտ նրանից, որ ամեն ինչ բնական ա ու որ անգամ կոկայինը բույս ա), կոռոնավիռուսից, իր բացած առողջ ապրելակերպի խմբակից Դավթաշենում… Էդտեղ մի կես ժամ մնացի մի ծաղիկ տալու համար։

Էդ հարկի վերջին հարևանի դուռն էի ուզում թակեի, ասեց՝ «գործ չունես, ինքը մի քիչ…» ասեցի բա ի՞նչ անեմ։ Դռան վրա անցք կար, ծաղիկը էդ անցքի մեջ դրեցի, չթակեցի։

Իջա ներքև, էլի ծաղիկներ տվեցի։ Կարինեին էլ, Հասմիկին էլ։ Առաջին հարկում հարևանուհին ասեց, որ տատին զանգել ինձ ա փնտրել։ Անհանգիստ էր շատ։

Իջնեմ տուն, տեսնեմ տատին՝ Ջղային։

«Ո՞ւր էիր։»

«Ծաղիկներն էի բաժանում։»

«Մի ժա՞մ։»

«Դե զրուցում էլ էի հետները։»

«Ես քեզ չասեցի՞ ներս չմտնես. տուր, ասա ձեզ առողջություն եմ մաղթում, արի։ Ահավոր անհանգստացել էի։ Արդեն ոստիկանություն էի ուզում զանգեի։»

«Ինչի՞ համար։ Չե՞ս վստահում, որ եթե ասել եմ շենքում եմ, ուրեմն շենքում եմ լինելու։»

«Ես ինչեր ասես արդեն մտածում էի։»

«Լավ էլի տատի, դու լավ էլ գիտես, որ իմ հետ բան չէր լինի։ Ինձ նոր չես ճանաչում։»

«Բայց ես քեզ ասել էի, չէ՞…»

«Հա բայց ես իմ ուղեղով եմ շարժվում, ոչ թե քո ասածով։» Անիմաստ կոպիտ էր ասածս, պետք չէր։ «Եթե հետս խոսում են, չեմ ասելու՝ սուս մնացեք ու թողնեմ գնամ։»

Տատին դժգոհ էր։ Տատին ջղային էր։ Իմ վրա էր ջղային։

Բայց ոնցոր թե էլ խռոված չէր։ Կարևորը ես ուզածիս հասա։

Էսօր արթնացա, հետս արդեն ջանով ա խոսում։ Բակում գործ ա անում, անցնող դառնողներին ա բարևում։ Արևի տակ ա։ Առավոտը սպագեծի էր էփել։ Փիսոյի հետ էր խոսում։

Ես սիրում եմ տատիի արժանապատվությունը իրա կապրիզներով։ Էդ լավ բան չի, բայց որ մարդուն սիրում ես, վատ բաներն էլ ես սովորում սիրես։

Ու թող երբեք մեր սիրած մարդկանց չթողենք մտածել, որ իրանց աճացրած յասամանների կարիքը աշխարհը էլ չունի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s