Անկում

Մ-ն նկատեց, որ այլևս կանգ առնել չի հասցնի։ Անխուսափելի անկմանը մնում էր միայն սպասել։ Արդեն մտքում գծում էր ընկնելու ամենաճիշտ ճանապարհները։ Ձեռքերի վրա. բա որ կոտրվեն, մեջքանց. ողնաշարի ցնցում ու պարալիզ, երևի կողքանց՝ նախընտրելի է դեպի աջ, ձախ ծունկը արդեն իսկ ունի վնասվածք։ Էդպես էլ արեց։

Պառկեց մոտ տասը րոպե խոտերի մեջ նայելով վերև։ Ոչինչ չկանխատեսելով բարձրացրեց ձեռքը ու տեսավ ծորացող կարմիրը։

Ինչքան էլ չընդունի, Մ-ն սիրում է ընկնել։ Ընկնելու հակում ունի։ Նրան միշտ ասել են՝ «զգույշ, ուշադիր»։ Ու ճիշտ են ասել։ Ամենառիսկային մարդիկ պետք է լինեն ամենազգույշն, ուշադիրը ու մտածողը։ Մյուս կողմից էլ, մարդ եթե շատ մտածի երբեք ոչ մի ռիսկի չի գնա։

Էսպիսի մտքեր էին անցնում դառնում Մ-ի մոտ, գետնին պառկած, հեծանիվի տեղ պտտվող հետնակի ճռռոցի տակ։

Մարդ պիտի իրեն պատրաստի ռիսկին։ Եթե նպատակդ է, օրինակ՝ սարերում հեծանից քշելը, արժի սկզբում փորձել բակումդ, հետո քաղաքում, ու հետո միայն սարերում։

Հիշեց, որ փոքրուց լոնքերով էր քայլում։ Իր տարիքի աղջիկների պես արքայադստեր կեցվածք չէր պարապում։ Հիշեց, որ միշտ սիրել է հաղթել։ Մրցել։ Հիշեց, թե ով է ինքը ու ով է եղել, ու որ այս հեծանիվից ընկնելը, եթե ոչ այսօր ու այստեղ, ապա վաղը ու մի ուրիշ տեղ հաստատ լինելու էր։ Ինքդ քեզնից հեռու չես փախչի, չէ՞։

Մ-ն սկսեց զգալ ձեռքի ցավը, որը կամաց կամած, բայց իր պես հստակ լոնքերով ներս էր մտնում մարմին։ Դե ի՞նչ արած։ Ընկել ես, պիտի քաշես։

Իսկ ի՞նչ եթե մյուս անգամ անկումն ավելի ցավոտ լինի իսկ այրոցն ավելի սաստիկ։ Կամ՝ մահացու։ Մի պահ Մ-ին համակեց այն միտքը, որ իրեն կործանողը լինելու է հենց ինքը։ Տանը փակվել, ապրել ապահով (կամ թերևս գոյատևել), թե դուրս գալ ու փորձել պահել նուրբ բալանսը գոյության պահպանման համար։

Կարևորը, Մ-ն մտածեց, արժի միշտ ձեռքը դրած պահել տոռմուզին։ Ու կյանքի հեշտ թվացող զառիթափերին չտրվել այնպես, որ արագացման տակ անգամ ամենաբարակ ծառին բախվելը լինի պոտենցիալ մահացու։ Ամենազգույշը պետք է լինել հենց այս զառիթափերին։ Վայելել՝ իհարկե, բայց չափավոր։ Իսկ եթե վայելքի ընթացքում արագությունն ես ուզում անգամ մեծացնել, պետք է նախ հմտանալ։ Պարապել օր ու գիշեր, աշխատել քեզ վրա, դառնալ ավելի լավ հեծանիվ քշող, ու միայն հետո գնալ այդ ռիսկին։

Մ-ն սա հասկացավ, նա կիսանստեց, ցավը հասել է պիկին։ Հասկացավ, բայց վստահ չէ, որ գիտակցեց իր այսօրվա բացահայտումը։ Գիտի, որ էսպես թե էնպես տրվելու է պահի ուզածին, մոռանալով զգուշությունը, ու էլի լինելու են դեպքեր երբ «գեշ ձևի» ընկնելու է։

Ինչ արած… վեր կացավ, քայլեց դեպի դաշտը, որ բացվում էր սարի մեջ։ Եղնիկ տեսավ հեռվում։ «Էհ,» մտածեց, «ի՞նչ արած։ Էսպիսին եմ ես։ Իմ նմաններին երևի ճիշտ ընկնել է պետք սովորել։ Կամ ճիշտ տեղեր ընկնել, որ գոնե ասֆալտը մաշկդ չքեռթի։»

Մայրամուտ էր։ Դաշտը դեղնել էր։ Վաղուց վնասվածք չէր ստացել։ Ձեռքի վրայով ծորացող արյունը սառն էր։ Համը՝ մետաղի։ Ուրախ էր, որ դեռ շնչում է։ «Կարող էի և չշնչել։» Կարող էր, բայց շնչում է։ Ու գնահատում է արած ամեն մի շունչը։